Բարև Ձեզ, եթերում է «Կաքավիկ» ռադիոն։ Ես Եսայան Էլինարն եմ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Հարավային դպրոց պարտեզի 3․2 դասարանի աշակերտուհի։ Քանի որ ես երազում եմ դառնալ բժշկուհի, այսօր ցանկանում եմ ձեզ պատմել մարդու զգայարանների մասին։
Մարդը տեղեկատվություն է ստանում հինգ հիմնական զգայարանների կողմից։ 1. տեսողություն (աչքեր) 2. լսողություն (ականջներ) 3. համ (լեզու) 4. հոտ (քիթ) 5. շոշափում, ցավի զգացում (մաշկ)։
Այս անգամ կպատմեմ տեսողության, աչքերի և դրանց հիգիենայի մասին։
Աչք և տեսողություն: Հիգիենա
Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևը, չափերը, գույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:
Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է ։ Այն կազմված է․
1․ եղջերաթաղանթից
2․ ծիածանաթաղանթից
3․ բիբից
4․ ակնաբյուրեղից
5․ ակնապատյանից
6․ ցանցաթաղանթից
7․ տեսողական նյարդից
8․ ապակենման մարմնից
Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացած, իրական, շրջված պատկերը:
Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:
Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:
Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի:
Աչքն ունի հիանալի հատկություն՝ հարմարվելու հատկություն։
Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները:
Հոնքերը, կոպերը և թարթիչները աչքերը պաշտպանում են փոշուց, քրտինքից:
Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:
Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։
Տեսողության հիգիենա
Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.
● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը
● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով
● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը
● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ
● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:
● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում
Երեխաների մեծ մասը ծնվում է նորմալ տեսողությամբ: Սակայն ժամանակի ընթացքում տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու, համակարգչի, հեռուստացույցի և բջջային հռախոսների պատճառով մարդկանց մեծ մասն ունենում է տեսողական խնդիրներ: Դրանցից առավել տարածվածներն են կարճատեսությունը և հեռատեսությունը:
Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա։
Կարճատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի առջևում։
Հեռատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի հետևում։
Այսօր հնարավոր չէ երեխային արգելել օգտվել համակարգչից, սակայն պետք է հնարավորինս կարգավորել նրա ռեժիմը և շեղել հետաքրքիր խաղերի, մաքուր օդին ֆիզիկական ակտիվության միջոցով:
Որքա՞ն ժամանակ է պետք հատկացնել հեռուստացույցին, համակարգչին և բջջային հեռախոսին
Օրվա ընթացքում 2-3 ժամից ոչ ավելի, ընդ որում հեռուստացույցի կամ համակարգչի առջև նստելիս 20 րոպեն մեկ պետք է ընդմիջել, որպեսզի երեխան ցրվի, նայի և՛ հեռու, և՛ մոտ:
Այսօր այսքանը, հուսով են ձեզ դուր եկավ։ Խոստանում եմ իմ հաջոդ եթերներում խոսել մնացած զգայարանների մասին։